չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Ատամները սրած ամեն ինչ անում են». պաշտպանը՝ «Շմայսի» որդու գործը ՀՔԾ-ում քննելու մասին

«Ատամները սրած ամեն ինչ անում են». պաշտպանը՝ «Շմայսի» որդու գործը ՀՔԾ-ում քննելու մասին

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի, եւ եւս երեք զինծառայողի վերաբերյալ քրեական գործը ՔԿ-ից ՀՔԾ փոխանցվել է տուժող կողմի բողոքի հիման վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը։

«Ատամները սրած ամեն ինչ անում են, բայց արդեն ուշ է։ Տեղեկացրին, որ տուժող կողմն է բողոքում, թե օբյեկտիվության խնդիր կա։ Ինչ կարող են այս գործով առավելագույն խախտումներով արել են։ Տուժող կողմն անգամ այս դեպքում էլ դժգոհ է մնացել»,- ասաց պաշտպան Գեւորգյանը։

Գոռ Գեւորգյանի խոսքով՝ այս քրեական գործի՝ ՀՔԾ-ում քննվելը կոպտագույն խախտում է. «Եթե պաշտոնատար անձի հետ կապված չէ, այդպիսի հաղորդում չունենք, ուրեմն մենք գործ ունենք կոպտագույն խախտման հետ, որովհետեւ դա ՀՔԾ-ի լիազորություններին չի պատկանում։ Իրենք իրենց ձեռքով այս գործը կործանման են հասցնում»։

Նշենք, որ NEWS.am-ի հարցմանն պատասխան՝ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ Դավիթ Մովսիսյանի, եւ եւս երեք զինծառայողի վերաբերյալ քրեական գործը ՀՀ ՔԿ-ից փոխանցվել է ՀՔԾ-ին։ Նա նշել էր, որ քրեական գործը ՀՔԾ է ուղարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով՝ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով։

ՀՔԾ-ից հայտնեցին, որ գործը վարույթ է ընդունվել եւ կատարվում է նախաքննություն։

Նշենք, որ 2020 թվականի հունվարի 30-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ։

Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Դավիթ Մովսիսյանը հուլիսի 27-ին կալանքից ազատ է արձակվել։

 

  • Կիսվել: