երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արդարադատության նախարարն ու Լատվիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Արդարադատության նախարարն ու Լատվիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Էդիտե Մեդնեի հետ հանդիպմանը կարևորել է արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել այն խորացնելու ուղղությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի իրականացման գործում Լատվիայի Հանրապետության արդարադատության նախարարության և Լատվիայի կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրոյի աջակցության համար, ինչպես նաև ընդգծել է ծրագրի շարունակականության կամ այս ոլորտում նոր ծրագրերի նախաձեռնման կարևորությունը։

Դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառմամբ և Արդարադատության նախարարության կողմից ԵՄ իրավահամակարգին ներպետական օրենսդրության մոտարկման գործառույթների իրականացմամբ։ Այս ենթատեքստում դեսպանը ներկայացրել է նաև Ռիգայի իրավունքի բարձրագույն դպրոցի կողմից իրականացվող մագիստրոսական ծրագրերի շրջանակը՝ ընդգծելով Արդարադատության նախարարության ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածության հարցում լատվիական կողմի հետաքրքրվածությունը։

Նախարարը կարևորել է Լատվիայի Հանրապետության արդարադատության նախարարության հետ բարձրաստիճան փոխայցերի կազմակերպումը, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման և խորացման համար։ Այս համատեքստում նախարարը նշել է լատվիական կողմի դրական փորձն ու առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարի, թվայնացման և քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտներում։

Կողմերը քննարկել են նաև Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության ու Արդարադատության նախարարության հետ համատեղ միջազգային բնույթի միջոցառումների՝ Հայաստանում կազմակերպման հնարավորությունը։ Իր խոսքում Գրիգոր Մինասյանը խոսել է նաև առաջիկայում հայ-վրացական իրավական ֆորումի կազմակերպման մասին և հրավիրել լատվիական կողմին մասնակցելու տարածաշրջանային ֆորումին։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են սերտացնել հարաբերությունները և նախանշել հետագա համագործակցության հնարավորությունները։

  • Կիսվել: