երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արագածոտնի նախկին մարզպետին, եղբորն ու նրանց կանանց հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Արագածոտնի նախկին մարզպետին, եղբորն ու նրանց կանանց հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին, կնոջը, եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանին և վերջինիս կնոջը հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, գրում է Հետքը:

Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում բռնագանձման ենթակա գույքի ցանկը՝ պատճառաբանելով,  թե ներկայացվող ապացույցներով, բացատրություններով հնարավոր է ցանկը փոփոխվի:

Սարգիս Սահակյանը, կինը՝ Մելինե Գենջոյանը, եղբայրը՝ Նաիրի Սահակյանն ու վերջինիս կինը՝ Կարինե Ավագյանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան հունվարի 22-ին:

Նշենք, որ Սահակյան եղբայրներն անցնում են նաև քրեական գործով: Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործով Սարգիս Սահակյանը մեղադրվում է այն բանում, որ ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության ծրագրի մասին, որն անցնելու է նաև Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, Կաքավաձոր համայնքի ղեկավարի հետ եղբորը՝ Նաիրի Սահակյանին թույլատրել է իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ:

Նախկին մարզպետը, օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով Կաքավաձոր համայնքի ղեկավարի  վրա, համոզելով՝ օրինականացրել է ապօրինի շինությունները: Դրանից հետո Նաիրի Սահակյանը 2013թ. դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որով անշարժ գույքը 67 մլն 440 հազ. դրամի փոխարեն կարողացել է վաճառել մոտ 140 մլն դրամով: Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է  պետության առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 72 մլն 448 հազ դրամ գումարը:

Մեղադրանք է առաջադրվել նաև Նաիրի Սահակյանին և Կաքավաձոր համայնքի ղեկավարին: Դատարանում գործի քննությունը շարունակվում է:

  • Կիսվել: