երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը կմնա ազատության մեջ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը կմնա ազատության մեջ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի այսօր որոշեց ուժի մեջ թողնել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, մերժելով դատախազի բողոքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Նրանք դեռ կան... կարող դատավորները»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին 2018 թվականի հուլիսին մեղադրանք էր առաջադրվել հիմնադրամի միջոցներից յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով:

Ըստ այդ մեղադրանքի` Վարդանյանը հիմնադրամին տրամադրած 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտով առցանց խաղատներում խաղադրույքներ է կատարել: Ընդհանուր իրավասության դատարանը Արա Վարդանյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել:

Հուլիսի 10-ին Վարդանյանը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։ 2019թ. հոկտեմբերին մեղադրանքը լրացվել էր 179-րդ հոդվածի 3-րդ մասով` յուրացման հատկանիշներով, որի համաձայն` Վարդանյանը հասցեատերերին չի մատակարարել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը:

 

  • Կիսվել: