հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի գրասենյակ

Անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի գրասենյակ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերությունը հայտնում է, որ նոյեմբերի 13-ին` ժամը 17։30֊ի սահմաններում, անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել ընկերության Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 38 հասցեում գտնվող գրասենյակ:

«Շուրջ 10 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով գրասենյակի բնականոն աշխատանքը՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել աշխատակիցների հասցեին` նրանց անհիմն մեղադրելով որպես համացանցում զինվորների հասցեին հայհոյանքներ և կեղծ լուրեր տարածողների։

Ավելին` նույն անձինք իրենց խուլիգանական գործողությունները նկարահանել և տարածել են համացանցում։ Անհայտ անձանց՝ վերոշարադրյալ գործողությունների ընթացքում մեծ վնաս է հասցվել ընկերության համբավին, իսկ աշխատակիցներին հասցվել է ծանր բարոյահոգեբանական վնաս, ինչի արդյունքում մինչ այժմ խաթարված է գրասենյակի բնականոն աշխատանքը, և ընկերությունը կրում է ֆինանսական վնասներ։

Նշված գրասենյակը հանդիսանում է ընկերության սեփականությունը, և այնտեղ բացառապես ծավալվում է ապահովագրական գործունեություն և անհեթեթ է անգամ արդարանալ, թե այդ աշխատակիցները զինվորների կամ որևէ մեկին հայհոյանքներ տարածելով են զբաղված։
Ներկայումս ընկերությունը գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար»,-նշված է հայտարարության մեջ:
 

  • Կիսվել: