երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել

Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որը Տավուշում բերման է ենթարկվել ու տեղափոխվել Երևան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանելով լրագրողների հարցերին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Երեկ տեղեկացրել էինք, որ Տավուշում ոստիկանները սկսել են բերման ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներին։ Բերման են ենթարկվել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, նաև շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանը։

«Մենք Սուրեն Պետրոսյանի հետ էլ ենք հանդիպել, արձանագրել ենք իր կողմից բարձրաձայնված խնդիրերը։ Ավելին ասեմ, հետագայում ես հանձնարարել եմ իմ աշխատատակիցներին, որ ի սկզբանե ազատությունից զրկման վայրում նրանց  հետ հանդիպումից հետո կոնկրետ ժամը լրանալու պահին նորից մեկնեն ոստիկանական բաժանմունք, որ կարողանանք ապահովել քաղաքացիներին պատշաճ ժամանակահատվածում ազատ արձակումը: Բոլորն ազատ են արձակվել, բացի Սուրեն Պետրոսյանից, քանի որ նրա նկատմամբ կա քրեական հանցակազմի հետ կապված տեղեկություն, մասնավորապես, քրեական գործի շրջանակներում ձերբակալում»,– ասաց ՄԻՊ-ը։

Մանասյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբն այս պահին էլ Տավուշում է ու իրականացնում է քաղաքացիների իրավունքների պաշտպանություն։

  • Կիսվել: