«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ
Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված հարցումներին՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով դեռևս 2024 թվականի հունվարի 19-ին Պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգի հիման վրա նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ են հասցեագրվել Առողջապահության նախարարություն և Գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հունվարի 26-ին Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել «Էրեբունի» բժշկական կենտրոն, առանձնազրույց ունեցել Մարիետա Խաչատրյանի հետ։ Այնուհետև, ևս 2 այց է իրականացվել է «Աբովյան» ՔԿՀ՝ փետրվարի 29-ին և մարտի 5-ին՝ Մարիետա Խաչատրյանին տեսակցելու նպատակով։ Կատարված այցերի արդյունքում բանավոր քննարկումներ են տեղի ունեցել Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և Առողջապահության նախարարության իրավասու պաշտոնյայի հետ, որից հետո Մարիետա Խաչատրյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նույն օրը, վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով, գրություն է հասցեագրվել Առողջապահության նախարարություն։
Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նշված հարցով մշտական կապի մեջ են ինչպես Մարիետա Խաչատրյանի մոր, այնպես էլ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և պատասխանատու մյուս գերատեսչությունների իրավասու ներկայացուցիչների հետ։
Նշենք նաև, որ Մարիետա Խաչատրյանի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են դիմումներ դեռևս 2023 թվականից, որոնց վերաբերյալ շարունակվում է քննարկման ընթացակարգը: