25 տարեկանից թող լինեն դատավորներ, բայց տնտեսական հարցով. Ծառուկյան
«Ինչին մենք ասենք դեմ ենք, դրա մեկնաբանությունն ունենք, ոչ թե մեր քմահաճույքին ինչ-որ նայելով ասում ենք, այլ այսօր լիարժեք ցանկացած օրենք ընդունելուց պետք է նայեն համեմատական կարգով կարևոր, զարգացած երկրներին՝ կլինի Ամերիկա, կլինի Անգլիա»,- այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված նախագծին, որով իջեցվում է դատավորների տարիքային շեմը մինչև 25 տարեկան:
«Ճիշտ է, ես միշտ էլ կողմնակից եմ երիտասարդների համար, մեր արժանի փոխարինողներն են, որ լիարժեք պետք է հնարավորություն տրվի, բայց ասենք թե, 25 տարեկան երիտասարդը մարդու կյանքում, մարդու որոշում կայացնելու, ընտանեկան խնդիրը, քրեական հարցերը, օրինակ գնացեք Ամերիկայում, Անգլիայում, նայեք, դա չի ընդունվում: Ասենք՝ նրանք 25 տարեկանից թող լինեն դատավորներ, բայց տնտեսական հարցով, որը լիարժեք դա կարող են կարգավորել: Բայց այն դատավորը, որ որոշելու է մարդու ճակատագիրը, ընտանեկան հարցեր կան, որևիցե այլ խնդիրներ, դա պետք է լինի 35 տարեկանից ոչ պակաս, 40 տարեկան, որովհետև նա որոշելու է մարդու ճակատագիրը»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։