հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2023-ին վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված ավելի քան 34 միլիարդ դրամի գույքային վնաս

2023-ին վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված ավելի քան 34 միլիարդ դրամի գույքային վնաս

2023 թվականի ընթացքում (ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով) վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար 387 դրամի գույքային վնաս, որից պետությանը՝ 34 միլիարդ 211 միլիոն 600 հազար 528 դրամի, համայնքին՝ 106 միլիոն 808 հազար 859 դրամի գույքային վնաս:

Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։

Հաղորդման մեջ նշվում է, որ համայնքին է  նվիրաբերվել 3 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 միլիոն 367 հազար դրամի արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին:

«Հարկ է նշել, որ վերոնշյալ գումարից 32 մլրդ 303 մլն 526 հազար դրամը վերականգնվել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով: 32 մլրդ 303 մլն 526 հազար դրամից 17 մլրդ 175 մլն 71 հազար դրամը վերականգնվել է 2023 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով:

Համեմատության համար նշենք, որ ավարտված քրեական վարույթներով 2022 թվականի ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 279 մլն 263 հազար դրամ, 2021 թվականին՝ 5 մլրդ 584 մլն 138 հազար դրամ, 2020 թվականին՝ 1 մլրդ 989 մլն 200 հազար դրամ, 2019 թվականին՝ 4 մլրդ 723 մլն 956 հազար 287 դրամ»,- ասված է գլխավոր դատախազության գործունեության հաղորդման մեջ։

Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման համաձայն՝ միայն 2023 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը (17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ) գերազանցում է նախորդող չորս տարիներին (2019, 2020, 2021 և 2022 թվականներ) ավարտված վարույթներով վերականգնված վնասի չափի հանրագումարը (14 մլրդ 576 մլն 558 հազար դրամ):

«2023 թվականի ընթացքում արգելանք է դրվել 15 միլիարդ 486 միլիոն 178 հազար 900 դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա»,- նշված է գլխավոր դատախազության գործունեության հաղորդման մեջ։

  • Կիսվել: