չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
2022-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը գրեթե կրկնակի աճել են. դատախազ

2022-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը գրեթե կրկնակի աճել են. դատախազ

2022 թվականին Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 743-ով կամ 76.3%-ով՝ կազմելով 1717՝ 2021 թվականի 974-ի դիմաց։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս նշել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 502-ով կամ 94.9%-ով՝ կազմելով 1031՝ 2021 թվականի 529-ի դիմաց։

Թեև բարձր լատենտայնությամբ օժտված այս հանցագործությունների արձանագրված դեպքերի աճը՝ բացահայտման տեսանկյունից, դրական ցուցանիշ է, սակայն այն վկայում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) և ածանցյալների աճող տարածվածության մասին և արտացոլում է հասարակական կյանքում առկա խիստ բացասական իրողությունները»,-ասաց նա:

Դատախազի խոսքով, նշված ցուցանիշները կարող են մասամբ պատճառաբանվել քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում, նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքում քրեական վարույթներ նախաձեռնելու մոտեցմամբ, սակայն վիճակագրական տվյալներն առավելապես վկայությունն են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարածվածության, նշված հակասոցիալական և հակաիրավական երևույթներում մեծ թվով անձանց ներգրավվածության։

2022 թվականի ընթացքում, 2021 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 354 դեպքով կամ 34.2%-ով աճ (2021 թվականին՝ 1034, 2022 թվականին՝ 1388): Բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 12.5%՝ 2021 թվականի 23%-ի դիմաց:

2022 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է նաև պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 563 դեպքով կամ 20.2%-ով աճ (2021 թվականին՝ 2794, 2022 թվականին՝ 3357)»,-ասաց նա:

  • Կիսվել: