շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զոհված զինծառայողների մասունքներից փորձանմուշներ կուղարկվեն Նիդերլանդներ

Զոհված զինծառայողների մասունքներից փորձանմուշներ կուղարկվեն Նիդերլանդներ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ավելի քան 31 միլիոն դրամ գումար դուրս գրել բյուջեից՝ պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար։  

Չզեկուցվող հարցի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ԴՆԹ հետազոտություն կատարելու դիմաց ֆինանսավորման ապահովմամբ:

"2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված զինծառայողների դիակների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2022 թվականը: Այս ընթացքում նույնականացվել է բազմաթիվ անճանաչելի ձևի փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ և մասունքներ, որոնց արդյունքում ունեցել ենք անհայտ համարվող զինծառայողների դիակների և մասունքների ինքնության պարզում։

ՀՀ քննչական կոմիտեի, անհատ կորածների միջազգային հանձնաժողովի և «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից:

Սակայն դեռևս առկա են բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննություների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։ Վերջինիս համար անհրաժեշտ է 75,000 ԱՄՆ դոլար:

Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 31,125,000 ՀՀ դրամ":

Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշների ԴՆԹ նույնականացման իրականացում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: