Ժողովուրդը հարկ եղած դեպքում պետք է պարտադրի իր կամքը. Սեֆիլյան
Այսօր Ազգային ժողովրդական բևեռի ներկայացուցիչները հանրահավաք են կազմակերպել Ազատության հրապարակում: Ելույթով հանդես է եկել ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ ասելով, որ ժողովրդի կամքի արտահայտման միակ վայրը դառնում է հրապարակը։ Նա ժողովրդին հրապարակ դուրս գալու կոչ է արել:
Սեֆիլյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Հաշվի առնելով, որ ՀՀ-ում իշխանությունը յուրացված է, պետությունը զավթված է, իսկ պետական կառավարման համակարգի փոխարեն գործում է ընդամենը ռուս-թուրքական շահերը սպասարկող գաղութային ադմինիստրացիա, որի կառավարումը մոտ ապագայում հանգեցնելու է ազգային աղետի՝ ժողովուրդը պետք է անմիջականորեն ստանձնի իր անվտանգության ու ապագայի որոշման պատասխանատվությունը և ուղիղ ժողովրդավարության միջոցով ձևավորի ու ներկայացնի, իսկ հարկ եղած դեպքում՝ պարտադրի իր կամքը՛՛:
Նա խոսել է նաև անցումային կառավարություն ձևավորելու մեխանիզմի մասին՝ նշելով, որ ժողովուրդը կարող է լիազորել ԱԺԲ խորհրդին, որպեսզի նա հրապարակը լեփ-լեցուն լինելու պահից սկսած ձեռնամուխ լինի անցումային ժամանակավոր կառավարություն կազմելու գործին:


