Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
Ժողովրդական երթը դեպի Երեւան Հայաստանի թուրքացման դեմ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է երթին մասնակցող պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ես ինքս Տավուշից եմ եւ մեծացել եմ այդ հողի վրա։ Մեզ համար այդ հողից ու ջրից ավելի թանկ բան չկա։ Եթե սահմանը անձեռնմխելի չլինի, ադրբեջանցիները կստանան մեր հենակետերը, եւ թշնամին կհայտնվի ամենուրեք։ Նաեւ Երեւանում։ Գուցե ինչ-որ մեկը Երեւանում մտածում է, թե աղետն իրեն չի հասնելու։ Սխալվում է։ Ադրբեջանցիներով կբնակեցնեն ողջ երկիրը, կչեղարկեն զինանշանը եւ Անկախության հռչակագիրը։ Հայաստանի իշխանությունները սահմանին սահմանափակ թվով սահմանապահներ կկանգնեցնեն, ընդամենը 5 հազար։ Իսկ ադրբեջանցիները իրենց սահմանապահներին զինում են մինչեւ ատամները, որոնք կարող են հաշված րոպեներում հայտնվել ամենուրեք։ Այժմ իրականացվում է պիլոտային ծրագիր։ Սահմաններին կկանգնեն «Յաշման» եւ «Կոմանդոսը» (ադրբեջանական էլիտար հատուկ ջոկատներ)։ ռամիլ սաֆարովի տիպի ահաբեկիչները կբնակեցվեն հայկական գյուղերի մոտ։ Իբր սեփական անվտանգության համար։ Իշխանությունների նպատակն է բոլորին դարձնել իրենց նման։ Բայց արժանապատիվ քաղաքացիները կպաշտպանեն իրենց պատիվը, եկեղեցիները, կընդդիմանան թուրքացմանը։ Ադրբեջանում հեռուստաալիք են բացել՝ ի աջակցություն «արեւմտյան Ադրբեջանի», այստեղից բխող բոլոր հետեւանքներով։
Ադրբեջանցիները հանրահավաքներ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի իխանությունների։ Դա հո խայտառակություն է, իսկ նրանք ուրախանում են։ Նրանց հաջողվել է համախմբել ադրբեջանցիներին եւ թուրքերին ամբողջ աշխարհում»,- նշել է Գառնիկ Դանիելյանը։