Ժամանակավոր կառավարությունը պետք է ձեւավորեն ժողովրդի կողմից վստահություն ունեցող մարդիկ. Կարին Տոնոյան
Ժամանակավոր կառավարությունը պետք է ձեւավորեն ժողովրդի կողմից վստահություն ունեցող մարդիկ: Այս մասին այսօր՝ ապրիլի 212-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմից հետո ընդդիմությունը եւս ժամանակավոր կառավարության մասին էր խոսում, բայց դա չաշխատեց, Տոնոյանն ասաց. «Իսկ ովքե՞ր էին առաջարկում. Ժամանակավոր կառավարությունը չաշխատեց, որովհետեւ մարդիկ տեսան, որ մարդիկ են եկել, որոնք եղել են իշխանության եւ ճիշտ չեն վարել այդ իշխանությունը: Դրա համար ես ասում եմ՝ լցրեք այս հրապարակը եւ վստահելի, մաքուր անցյալ ունեցող մասնագետների բերեք ասպարեզ: Ով կլինի վարչապետը, նա կատարողը կլինի այդ խորհրդի:
Երբ կլինի ժամանակավոր կառավարությունը ժողովրդի կողմից ընտրված մարդկանցից, որոնք պետք է նաեւ հայտարարեն, որ երբ կհանենք ժողովրդին այս վիճակից, կփոխենք սահմանադրությունը, որը կարվել էր անձնական տվյալներով, կփոխենք Ընտրական օրենսգիրքը, որ մեզ հնարավորություն տրվի ճիշտ ընտրություն կազմակերպել, եւ ամենակարեւորը, որեւէ ուժի ձեռքին չի լինի պետական ապարատը, դրանից հետո իրենք պետք է հեռանան եւ ասեն, որ իրենք չեն մասնակցելու ընտրություններին: Դա պետք է լինի ազգային համաձայնության եւ մասնագետների կառավարություն: Սա միակ տարբերակն է, որ փակենք բոլոր կեղծիքների ճանապարհը եւ գնանք արդար ընտրությունների»: