կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին՝ եթե ուշքի չգաք, պատասխան եք տալու. Սաղաթելյան

Զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին՝ եթե ուշքի չգաք, պատասխան եք տալու. Սաղաթելյան

Ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը իմ վրա եմ վերցնելու, ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Նիկոլն ու Ալիևը կարծում էին, որ ժողովուրդն այլևս գործոն չէ՝ կարող են միմյանց հետ պայմանավորվել և ժողովրդին պարտադրել նոր զիջումներ։ Մենք ցույց տվեցինք, որ այդպես չէ, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ տեր է իր երկրին, տեր է իր հայրենիքին՛՛:

Խոսելով այս օրերին իրենց շարժման արձանագրած հաջողությունների մասին՝ Սաղաթելյանն ասաց. ՛՛Առաջինը՝ ՛՛Դիմադրություն՛՛ շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը։ Առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները․ արդեն փորձում է կեղծել իրականությունը և չունի համարձակություն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը:

Երկրորդը՝ երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի միջոցով երկրում հակահայ ծրագրեր իրականցնողները, իսկ մեր դաշնակիցների ու գործընկերների համար ակնհայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը և նրա հետ այլևս որևէ բան պայմանավորվելն անիմաստ է։ Բոլորը գնալով հասկանում են, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ։

Երրորդ՝ շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված՝ իր շահերին հակառակ որևէ լուծում, հետևաբար Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։

Չորրորդ՝ շարժումն ակնհայտ է դարձրել, որ մեր երկրում ձևավորվել է այս իշխանությունների հեռացման հանրային պահանջ, որը մենք ձևակերպեցինք մայիսի 4-ին և խորհրդարանում ներկայացրինք այդ կապիտուլյանտին։ Անցող օրերի մեր գործունեությունը և հանրային արձագանքը դրա վառ վկայությունն է՛՛:

Նա հավելեց, որ այս ամենը, սակայն, դեռ բավարարն չէ, և պետք է հեռացնել այս իշխանություններին:

՛՛Ես հիմա զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին՝ դրանց անունները ձեզ հայտնի են։ Եթե ուշքի չգաք, եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու։ Հերիք է ֆինանսավորեք ֆեյքերի ֆաբրիկաները, նպաստեք դավաճան իշխանության մնալուն, ամեն ինչ գիտենք և տեսնում ենք, եթե այդպես շարունակեք, հատ-հատ պատասխան եք տալու՛՛։

Սաղաթելյանը խոսեց նաև Արցախի ու սահմանների անվտանգության մասին: ՛՛Այս իշխանությունն աղետաբեր է Արցախի և հայության համար։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:

Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման ընթացքը, կապահովի սահմանների անձեռնմխելիությունը, կիրագործի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ, արդար, բարեկեցիկ երկիր։

Մեզ պետք է պատասխանատու իշխանություն՛՛,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենց խնդիրը շատ պարզ ու հստակ է՝ օր առաջ, ժամ առաջ ձևավորել ՛՛առանց Նիկոլ Հայաստան՛՛։

Նա հավելեց. ՛՛Դավաճանների այս կույտին իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանում կձևավորվի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը երկիրը կտոր-կտոր հանձնելու Նիկոլի մտադրությանը կհակադրի Հայաստանը ոլորտ առ ոլորտ վերականգնելու քաղաքականությունը։

Ուժեղ ու կայացած պետության երեք հիմնասյուներն են՝ տնտեսությունը, բանակը և արտաքին քաղաքականությունը։

Նիկոլին հեռացնելուց հետո առաջին մեր երեք քայլերը լինելու են պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերակենդանացումը․

-Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն՝ մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն,

-Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ իրապես մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր, ոչ միայն պաշտպանողական, այլ հարկ եղած դեպքում նաև պաշտպանողական բանակ,

-մուրացիկ դիվանագիտության փոխարեն ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Արցախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով՛՛։

Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենք այս ամենը կարող են անել, և ունեն համապատասխան ծրագրեր և թիմ:

  • Կիսվել: