ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Զախարովան միջամտություն է համարել Վադեֆուլի հայտարարությունը ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ

Զախարովան միջամտություն է համարել Վադեֆուլի հայտարարությունը ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի ներքին գործերին միջամտություն է որակել Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Զախարովան ընդգծել է, որ նման որոշումները հայ ժողովուրդը պետք է կայացնի ինքնուրույն՝ առանց դրսից չհայցված հուշումների։

Ավելի վաղ Վադեֆուլը խաղաղության համաձայնագրի ստորագրումը կապել էր Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ՝ միաժամանակ նշելով, որ դա Հայաստանի ներքին քաղաքականության հարցն է։ Սահմանադրական փոփոխությունները համաձայնագրի ստորագրման պայման է համարում նաև Բաքուն։

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում, որը հրապարակվել է նոյեմբերի 23-ին, բացակայում է Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանը տարածքային հավակնություններ է տեսնում։

  • Կիսվել: