երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ըստ էության մենք ձախողել ենք բանակաշինության գործընթացը. Փաշինյան

Ըստ էության մենք ձախողել ենք բանակաշինության գործընթացը. Փաշինյան

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատերազմի դրվագներով հարուցաված քրեական գործերին, ինչպես նաև ամփոփել բանակաշինության գործընթացը։ 

Նախ խոսելով պատերազմի դրվագներով հարուցաված քրեական գործերի մասին՝ Փաշինյանն հայտնել է, որ մոտ 1000  քրգործ է հարուցվել,  շուրջ 40 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ մոտ մեկ տասնյակ անձ էլ կալանավորված է։

«Առանձին վերցրած դրվագները պետք է իրավական գնահատականի արժանանան, բայց պետք է հասկանանք, որ դրանք այսբերգի երեւացող կողմն են:

Ի՞նչ սխալներ են տեղի ունեցել. օրինակ բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել: Այդ խնդիրները բոլորինս են: Բանակը երկար տարիներ, ըստ էության, եղել է անձեռնմխելի: Ճիշտը է, ահազանգեր են եղել բանակում տեղի ունեցող չարաշահումների մասին, բայց սովորաբար այդ ահազանգերի հեղինակները համարվել են ոչ կառուցողական, ապազգային եւ այլն:

Ինչպես է տեղի ունեցել բանակի թատերաբեմում զարգացումը, ինչպես է ձեւավորվել ու ծախսվել բանակի բյուջեն: Սրանք հարցեր են, որոնք շատ կարեւոր են եւ ի վերջո, կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում: Հայտարարությունների եւ իրականության միջեւ խզումը, երբ օրինակ, անվտանգության խորհրդին զեկուցվում է, որ բանակն ի վիճակի է ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ պահել առաջնագիծը, բայց գործնականում դա տեղի չի ունենում: Սրանք հարցեր են, որոնք շատ լրջորեն պետք է քննարկվեն: Բայց համակարգային առումով պետք է խոստովանենք, որ ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործը այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են ՀՀ շուրջ: Երբ տեսնում ենք, թե ինչ բյուջետային զարգացումներ են եղել պաշտպանական ծախսերի Ադրբեջանում եւ Հայաստանում: Այս ամենը արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերուն կոնկրետ երեւույթներով»,-հայտարարեց Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է բանակաշինությանը, ապա Փաշինյանը նկատում է, որ երկար տարիներ ՀՀ-ում պահեստազորի զորահավաքներ պատշաճ ձեւով չի իրականացվել. «2019-ին մենք իրականացրինք ՀՀ-ի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը: Հիմա էլ մոբիլիզացիոն ռեսուրսի աշխատանքի տրամաբանությունը շարունակում ենք»,-ասաց վարչապետը:

Հարցին, թե ինչպիսի՞ն է գնահատում մեր բանակի մարտունակությունը, սպառազինության կորուստների համալրումը, Փաշինյանն ասաց. «Մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել՝ նպատակ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը ՀՀ-ում, որի գործուն էությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա:

Հայաստանը որեւէ ռազմական հարձակում գործելու նպատակ չունի: Մեր ԶՈՒ-ն պետք է պաշտպանի մեր սահմանները հնարավոր ագրեսիաներից»:

  • Կիսվել: