կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վիզաների ազատականացման հարցում ուշացում չկա. Ստանո

Վիզաների ազատականացման հարցում ուշացում չկա. Ստանո

Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց. սա հիմնված է ընդհանուր վճռականության վրա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ընթացիկ աշխատանքում մենք հիմնվում ենք այն հենքի վրա, որ ունենք։ Միաժամանակ արդեն առաջ ենք տանում դա գործընկերության նոր օրակարգով, որը համաձայնեցվել է երկու ամիս առաջ և կրկին ամրապնդվել Բրյուսելում։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, նախագահ ֆոն դեր Լայենի, բարձր ներկայացուցիչ Բորելի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, իհարկե, ընդգծեց կամ ձևակերպեց՝ ինչ ենք ուզում անել, ինչպես ենք ուզում անել, անշուշտ, ելնելով մեր ունեցած հնարավորություններից, միաժամանակ գիտակցումից, որ մենք մեր ունեցածն ավելի ենք ընդլայնում և բերում նոր, ավելի բարձր մակարդակի, որովհետև ուզում ենք համագործակցել՝ առավել սերտ ու ընդարձակ, և առավել լայն հարցերի շուրջ ու ավելի շատ ոլորտներում»։

Անդրադառնալով Հայաստանի՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի մեխանիզմից օգտվող երկրների ցանկում ներառելու հնարավորությանը՝ նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են բայց ԵՄ-ում գործընթացները դանդաղում են, քանի որ որոշումների կայացման համար անհրաժեշտ է 27 երկրի համաձայնությունը: Ստանոյի խոսքով՝ նույնը վերաբերում է վիզաների ազատականացման գործընթացին:

«Այդ հարցում ուշացում չկա, քանի որ դրա համար պետք է ունենալ ժամանակացույց։ Ոչ ոք ժամանակացույց չի սահմանել։ Վիզաների ազատականացումը նման է Եվրամիության մյուս գործընթացներին: Դա շատ մանրակրկիտ, մեծապես տեխնոկրատական գործընթաց է, ի վերջո՝ նաև քաղաքական, քանի որ որոշումը պետք է հաստատեն անդամ պետությունները:

Անդամ պետությունները պետք է գտնեն լավագույն ճանապարհը՝ համոզվելու, որ իրենք գոհ են բոլոր այն չափանիշներից, որոնք կատարվել են, որ ունեն բավարար երաշխիքներ, որ վիզային ռեժիմի ազատականացումը չի չարաշահվի»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: