ՆԳ նախարարը՝ ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացի մասին
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը բնականոն հունով առաջ է գնում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա, մասնավորապես, նշել է.«Այսինքն՝ մեկնարկել ենք երկխոսություն, որից հետո ստացել ենք գործընկերներից գործողությունների ծրագիրը, որտեղ շատ հստակ ներկայացված է, թե ինչ է ակնկալվում հայաստանյան կողմից։ Այժմ իրականացնում ենք կոնկրետ միջոցառումներ։ Այս ժամանակահատվածում ունեցել ենք գնահատման առաքելություններ և կշարունակենք այդպիսիք, սա նշանակում ՝ եվրոպական կողմը պարբերաբար դիտարկելու է գործողությունների կատարման պլանը, հասկանալու է՝ որոնք են կատարված, որոնք չկատարված»:
Նախարարի խոսքով՝ առաջին առաջընթացի զեկույցը շատ դրական է եղել եվրոպացի գործընկերների կողմից. «Արձանագրվել է նախադեպը չունեցող գնահատական. Հայաստանն առաջանցիկ տեմպերով է կատարողականն ապահովել, հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման սահմանների համալիր կառավարման կոմպոնենտը, իսկ մնացյալ ուղղություններով ընդհանուր դրական են գնահատել կատարված աշխատանքը»։
Սարգսյանն ընդգծել է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ ամբողջովին կատարված կլինի աշխատանքի պլանը՝ ասելով. «Կարող ենք հնարավոր սեղմ ժամկետում հասնել վիզաների ազատականացման։ 2029 թվականը ՀՀ կառավարության հանձնառությունն է քաղաքական թիրախն ապահովելու բոլոր գործողությունների կատարումը, որոնք նախատեսված են գործողությունների ծրագրում, արդեն թողնելով գնդակը ԵՄ-ի դաշտում՝ կայացնելու համապատասխան որոշում։
Մենք թիրախը բիոմետրիկ համակարգն էր, որը պատրաստ կլինի նոյեմբերի 1-ին։ Ինչու 2029 թվականը, քանի որ սահմանների համալիր կառավարման բաղադրիչն է. այստեղ բազմաթիվ շերտեր կան, պիտի անդրադառնանք կադրերի պատրաստումից մինչև ֆիզիկական ու թվային ենթակառուցվածքներ, այստեղ անելիքները բազմաթիվ են»։
Նա անդրադարձել է նաև Եվրամիության ներկայացուցչի կողմից արված այն հայտարարությանը, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման դեռ վաղ է ժամկետների մասին խոսել: Այս առնչությամբ նախարար Սարգսյանն ասել է. «Նրա արտաբերած նախադասությունները մանիպուլյատիվ ձևով են տեղ գտել հանրային տիրույթում։ Տիկին խոսնակը որևէ ձևով չի ժխտել կամ հերքել Հայաստանի հետ ԵՄ-ի երկխոսության մասին։ Ընդամենը նա հանդիսանալով ադնիմիստրատիվ պաշտոնյա շեշտել է, որ դեռևս վաղ է ասել կոնկրետ երբ կլինի վիզաների ազատականացումը, զուգահեռաբար շարունակել է, որ նրանք սերտացնում են հարաբերությունները Հայաստանի հետ և տրամաբանորեն գնում են առաջ»։



