երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի և Ավստրիայի խորհրդարանների հարաբերությունները. Սարգիս Խանդանյան

Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի և Ավստրիայի խորհրդարանների հարաբերությունները. Սարգիս Խանդանյան

Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի եւ Ավստրիայի խորհրդարանների հարաբերությունները, շփումները: Արդյունավետ է համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Ողջունելով Հայաստան այցելած Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը` ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն համագործակցության ու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մասին` Սարգիս Խանդանյանը նշել է, որ անվտանգային, տնտեսական եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ դերակատարությունը Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն եւ կայունություն հաստատելու հարցում: Ընդգծվել է մեր երկրում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարեւորությունը:

Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները նշել են, որ Հայաստան են եկել ուսումնասիրելու մեր երկրի անվտանգային իրավիճակը, քաղաքական գործընթացները, ինչպես նաեւ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական խնդիրներին:

Հյուրերի խնդրանքով Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հանդիպումը կայացել է հունվարի 17-ին:

  • Կիսվել: