կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առայժմ սպասում ենք արձագանքների. Սարգիս Խանդանյանը՝ խաղաղության պայմանագրի նախագծի մասին

Առայժմ սպասում ենք արձագանքների. Սարգիս Խանդանյանը՝ խաղաղության պայմանագրի նախագծի մասին

Պայմանագրի նախագծի արդեն մի քանի խմբագրումներ են եղել: Վերջինը մենք ենք ուղարկել, առայժմ սպասում ենք արձագանքների: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին։

Խանդանյանի խոսքով՝ կողմերն ունեն սկզբունքային հարցեր, որոնք համաձայնեցնելը բարդ է. «Մենք ունենք մեր կարմիր գծերը, Ադրբեջանն ունի իր կարմիր գծերը, այս առումով կան շատ հարցեր, որոնց շուրջ դիրքորոշումները մոտեցնելը բարդ է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր կարմիր գիծը նախ խաղաղության պայմանագրի կենսունակության ապահովումն է, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրումից հետո լինի կենսունակ, երկրորդը, որպեսզի խաղաղության պայմանագրով ապահովվի ՀՀ-ի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցն է, և մենք պատկերացնում ենք, որ այդ հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգային տեսանելիության պայմաններում»:

Լրագրողի այն հարցին, թե Մինսկի խմբի համանախագահող երկրները տալիս են երաշխիք, որ պայմանագրի կնքումից հետո, Ադրբեջանը չի խախտի այն՝ Խանդանյանն ասաց. «Եթե այդ երաշխիքը տրված լիներ, պայմանագիրը ենթադրաբար կնքված կլիներ:

Խաղաղության պայմանագրի երաշխավորումներ ունենալու շուրջ պետք է երկու կողմն էլ համաձայնություն ունենան ու առայժմ Ադրբեջանը նման համաձայնություն չի տվել: Մինսկի խմբի անդամ երկրները շահագրգռված են, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, իսկ թե եթե երաշխավոր լինի, ինչ ֆորմատով կլինի, դա արդեն բանակցությունների հարց է»:

  • Կիսվել: