ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Վերջին 4 տարում եվրասիական տարածքի ներսում առևտրաշրջանառությունն աճել է 32 տոկոսով․ Տիգրան Սարգսյան

Վերջին 4 տարում եվրասիական տարածքի ներսում առևտրաշրջանառությունն աճել է 32 տոկոսով․ Տիգրան Սարգսյան

Մենք էականորեն առաջընթաց ենք ապահովել ԵԱՏՄ քաղաքացիների համար բարենպաստ պայմանների բարելավման ապահովման գործում՝ ազատ տեղաշարժը, սոցիալական երաշխիքը, կենսաթոշակային ապահովությունը, դիպլոմների ճանաչումը: Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերջին 4 տարին զգալի աշխատանք է կատարել  տարբեր ոլորտներում՝ ապահովելով բարենպաստ պայմաններ ԵԱՏՄ տարածքի քաղաքացիների, բիզնեսի համար: Բիզնես հատվածի համար գործունեության պայմանների բարելավման համար ընդունվել են մաքսային օրենսդրական առաջարկներ, որոնց շնորհիվ մաքսային գործընթացների ժամկետները կրճատվել են մի քանի անգամ: Մի քանի ոլորտներում գործում են շուկայի միասնական կանոններ: Տարբեր ապրանքների արտադրության 85 տոկոսի համար ընդունվել են տեխնիկական կանոնակարգեր: Գործարկվել է դեղամիջոցների,  բժշկական ապրանքների միասնական շուկա»,-նշել է Տիգրան Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ ընդունվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մի շարք ոլորտներում 2025 թվականին  ընդհանուր շուկայի գործարկման վերաբերյալ: Ինստիտուցիոնալ հիմքի վրա են դրել ԵԱՏՄ տարածքում արգելքների դեմ պայքարի գործընթացը: Արդեն 51 արգելք հանվել է, դրանից բացի ակտիվ աշխատանք է կատարվում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրական մարմինների հետ՝  ներդաշնակեցնելու արգելքների ի հայտ գալու կանխարգելման գործընթացը:

Վերջին 4 տարում եվրասիական տարածքի ներսում առևտրաշրջանառությունն աճել է 32 տոկոսով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զգալի աշխատանք է կատարել թվային օրակարգի ուղղությամբ: Քննարկվել է 80 առաջարկություն և արդեն թվային ոլորտում գործի է դրվել 5 ծրագիր:

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում նկատելիորեն բարձրացել է ԵԱՏՄ-ի հեղինակությունը:

«Մեզ հետ աշխատում են և ցանկանում են աշխատել մի քանի տասնյակ երկրներ և միություններ: Այս շրջանում նկատելիորեն ընդլայնվել է ազատ առևտրի գոտին»,-ասաց նա:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի և կոլեգիայի անդամներին արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց նոր անձնակազմին:

  • Կիսվել: