«Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Նիկոլ Փաշինյանի չափազանց զգացմունքային հայտարարություններին». ՌԴ-ից արձագանքել են ՀՀ վարչապետի հայտարարություններին
Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չափազանց զգացմունքային հայտարարություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը Եվրասիական տնտեսական միության «վախճանի սկզբի» մասին։
«Երբեմն, ցավոք, թե՛ մեզ համար, թե՛ հենց Փաշինյանի համար, նա անում է չափազանց զգացմունքային, ակտիվ հայտարարություններ, որոնց համար, հավանաբար, հետո ինքն էլ ստիպված է լինում ափսոսալ։ Ամեն դեպքում կյանքը բաղկացած չէ միայն հայտարարություններից, ուստի մենք պետք է դրան հանգիստ վերաբերվենք»,-նշել է Կարասինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, անդրադառնալով արտահանման խնդիրներին, վարչապետն ասել է, որ դա ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրն է։
«Ինչ վերաբերում է պրոբլեմին (հայկական ապրանքների արտահանմանը-խմբ.), տեսեք՝ մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ պրոբլեմը Հայաստանինն է, բայց այդ պրոբլեմը Հայաստանինը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է: Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,-նշել է նա:



