Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը. Փաշինյանը՝ արտահանումների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը ստացվեց, քանի որ երկար խոսեցինք։ Մի շարք հարցերի շուրջ եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին։
Նա, մասնավորապես, նշել է. «ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհի մասին և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, երբ Հայաստանը այլընտրանքներ չունենա։
Հայաստանը միշտ և բոլոր հարցերում պետք է այլընտրանքներ ունենա։ Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»:
Անդրադառնալով արտահանման խնդիրներին՝ վարչապետն ասել է, որ դա ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրն է։
«Ինչ վերաբերում է պրոբլեմին (հայկական ապրանքների արտահանմանը-խմբ.), տեսեք՝ մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ պրոբլեմը Հայաստանինն է, բայց այդ պրոբլեմը Հայաստանինը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է: Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,-նշել է նա:



