երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վերին Լարսում Հայաստանը մաքսային կցորդ կունենա. ՊԵԿ նախագահ

Վերին Լարսում Հայաստանը մաքսային կցորդ կունենա. ՊԵԿ նախագահ

Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսուհետև Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով ՌԴ-նում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից է գործելու մաքսային կցորդը, լինելու է մեկ մաքսային կցորդ, որը ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ է ունենալու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս ընթացքում Հայաստանը Վերին լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել:

«Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ու շատ օպերատիվ աշխատում ենք, ուղղակի մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները ոչ բոլոր հարցերով զբաղվեն, որովհետև շատ կարևոր հարցերը երբեմն տուժում են դրանից»-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ կցորդին նշանակում ու ազատում է ՀՀ կառավարությունը:

  • Կիսվել: