Վեհափառին «գլխավոր մաֆոզ» ասելու մե՞ջ է Փաշինյանի սրտացավությունը. Քրիստինե Վարդանյան
Հիմա արագ փոփոխությունների պահանջը միանգամայն հասկանալի է, որ հենց հիմա լինեն գործողություններ. դրանք այս տարիների ընթացքում եղել են, մեր քաղաքացիները հնարավորություն ունեցել են մասնակցել, վստահ եմ, որ առաջիկայում էլ լինելու են։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Եթե մեղադրանքը այն է, որ ընդդիմությունը այդտեղը պիտի ունենա գործուն մասնակցություն, ես լրիվ ընդունում եմ այդ մեղադրանքը։
Եթե մենք նախաձեռնող լինենք անպայման դրա մասին կլինի հայտարարություն։ Ես կարծում եմ որ արձագանքը պետք է լինի համարժեք և եթե իշխանության հաշվարկը այն է, որ ինչպես բանակին 2018-ին թիրախավորելով հեղինակազրկելու են և հնարավոր են դառնալու բանակի կազմաքանդումը, հնարավոր են դարձնելու, այս դեպքում իրենք սխալ հաշվարկ են անելու, որքան իշխանությունը ուժեղացնի արշավը եկեղեցու դեմ, այնքան հանրային մոբիլիզացիայի ականատես ենք լինելու։ Դա իմ համոզում է»։
Դիտարկմանը, որ եկեղեցիների չուլանացման մասին վարչապետի հայտարարությունը գուց ե սրտացավության դրսեւորում էր, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Դուք կարող եք որդիական նախանձախնդրություն և խոնարհություն անվանել հայոց Վեհափառին, «գլխավոր մաֆիոզ» անվանելը, և դա կարող եք թիրախավորում չանվանել, բայց իրականությունը շատ պարզ է։ Բոլոր քաղաքացիները, բացի Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատից, հասկանում են ինչ է կատարվում: Աշխարհի բոլոր եկեղեցիներում, կրոնական ամենահեղինակավոր կառույցներում շատ ավելի հիմնավոր փաստերի վրա հիմնված կրոնական այնպիսի սկանդալներ են եղել, որոնք կոնկրետ փաստեր են եղել՝ հարյուրավոր երեխաների մանկապղծության դեպքեր, միլիոնավոր դոլարների լվացման փաստեր, բայց որևէ կառավարության որևէ ներկայացուցիչ, որևէ միջազգային կազմակերպության որևէ ներկայացուցիչ իրեն թույլ չի տվել մի տոկոսը այն բառապաշարի, որը կիրառվել է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերջին մեկ շաբաթում։ Սա արշավ է եկեղեցու դեմ և եկեղեցու դիտավորյալ ու թշնամական հեղինակազրկում է, թե չէ, թող դատեն մեր քաղաքացիները»։