կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վարչապետը՝ դատական համակարգում վեթինգի գաղափարի մասին

Վարչապետը՝ դատական համակարգում վեթինգի գաղափարի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ դատական համակարգում վեթինգի գաղափարին եւ ասաց. ՛՛Հիմա մենք պրոբլեմ ունենք, երբ գործողություններ ենք անում, հետո դրանք գնում նույն դատական համակարգում վիճարկվում են, եւ խոչընդոտներ են առաջանում: 

Նա նաեւ հավելեց. ՛՛Օրինակ՝ գիտեք, որ ապօրինի հարստացման մասին օրենքն ընդունվել է 2017-ին, եւ մենք ասում ենք, որ կապ չունի, որ այդ ժամանակ է ընդունվել, մենք պետք է հնարավորություն ունենանք դրանից առաջ էլ հետ գնանք, տեսնենք՝ այդ գույքը ոնց է ձեւավորվել: Մենք նաեւ ասել ենք, որ ՄԻԵԴ-ում դատավճիռների հետեւից մենք հետ պետք է գանք եւ այդ վճիռները կայացրած դատավորների նկատմամբ գործողություն պետք է իրականացնենք:

Այստեղ խնդիրն այն է, որ մեր այս գործողությունները վիճարկվում են հենց գործող դատական համակարգում: Մյուս կողմից մենք չենք ուզում այնպիսի գործողություններ անել, որ միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծվի, թե մենք ուզում ենք դատական համակարգը դարձնենք նույնքան կառավարելի, որքան եղել է 2018-ի հեղափոխությունից առաջ՛՛:

Վարչապետն ասաց, որ իր համար ընդունելի են քննադատություններն առ այն, որ այս ասպարեզում չեն կարողացել մեծ հաջողությունների հասնել: ՛՛Բայց ես չեմ ընդունի քննադատությունը վճռականության բացակայության մասին: Որովհետեւ այն դեպքում երբ մենք վճռականություն ենք ցուցաբերել, գիտեք հանրաքվե էինք նշանակել, բայց քովիդի համաճարակի պատճառով ստիպված եղանք չեղարկել: Նաեւ որոշակի վճռական գործողություններ ենք արել, բայց դրանք չենք կարող դուրս բերել օրինականության շրջանակից: Մենք ոչ մի օր դրա մասին չենք մոռացել, ամեն օր աշխատում ենք դրա վրա:

Մենք միշտ ասել ենք, որ պետք է լինեն հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմ: Հիմա այդ մեխանիզմը կա, բայց այնպես է ստացվել, որ այդ հակակշիռների կողմերից մեկն ունի շահերի բախում: Բայց միանշանակ է, որ մենք հետեւողականորեն այս ճանապարհով գնալու ենք՛՛,-նշեց նա:

Որպես օրինակ՝ վարչապետը բերեց լրատվամիջոցների թափանցիկության վերաբերյալ ընդունված օրենքը:

՛՛Դրան նախորդել է մեկ տարի աշխատանք նաեւ միջազգային կառույցների հետ: Մենք ուզում ենք, որ կողքի հայացքն էլ գնահատի, ու չստացվի, որ մենք այլ խնդիրներ լուծելու համար խոսքի ազատությունն էլ սահմանփակենք: Մենք ուզում ենք՝ կողքից նայողներն էլ ասեն, որ այ այս նրբությունը մի քիչ խնդրահարույց է, եւ ստանանք որակյալ արտադրանք, որը մի կողմից կլուծի խնդիրը, մյուս կողմից Հայաստանը չի դարձնի ավտորիտար երկիր՛՛,-ասաց ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: