«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը կլինի Նարեկ Կարապետյանը
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը կլինի «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
««Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով»,- գրել է Մելոյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նորաստեղծ քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը, սակայն, Հայաստանի գործող օրենսդրությամբ չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու, քանի որ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածով պատգամավորի և կառավարության անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։ Սամվել Կարապետյանը, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունի նաև այլ երկրների քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորի թեկնածու կարող է լինել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում մշտապես Հայաստանում բնակված անձը։ Կուսակցության համագումարի ընթացքում հայտարարվել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններում հաղթելու և խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում հանդես կգա օրենսդրական փոփոխություններով, որոնց արդյունքում Սամվել Կարապետյանը կկարողանա ստանձնել վարչապետի պաշտոնը։ Համագումարի ընթացքում հրապարակվել էին մի խումբ սահմանադրագետների կարծիքներ այն մասին, որ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, և հնարավոր է Ազգային ժողովի քվեարկությամբ՝ առանց համապետական հանրաքվեի, փոփոխություններ կատարել այդ հոդվածում։


