հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը նորից սպառնում է Հայաստանին ու կրկնում նախապայմանները․ թուրքագետ

Թուրքիայի ՊՆ ղեկավարը նորից սպառնում է Հայաստանին ու կրկնում նախապայմանները․ թուրքագետ

Ադրբեջանում նշում են Հաղթանակի օրը։ Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այս առիթով ժամանել է Բաքու, որտեղ մասնակցել է պաշտոնական արարողություններին։ Տոնական ցերեկույթի ընթացքում նաև հանդես է եկել հայտարարությամբ, որից կառանձնացնեմ երկու դրվագ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Թուրքիայի ՊՆ Աքարը նշել է, որ Արցախի դեմ նախորդ աշնան հարձակումը կոչվում էր «Մեկ հայրենիք» գործողություն (Tek Vatan Harekâtı) և օգտագործել «ինչպես այդ գործողության ժամանակ, այնպես էլ այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները...» արտահայտությունը, ինչը Թուրքիայի՝ Արցախում պատերազմին մասնակցության հերթական վկայությունն է։

Իր ելույթում Աքարը նաև անդրադառնում է Հայաստանին՝ անուղղակի նորից սպառնալով և կրկնելով մեր առջև դրված նախապայմանները. «Ակնկալում ենք, որ Հայաստանի պատասխանատուներն էլ մի կողմ դնեն ներկայիս քաղաքականությունը և արժևորեն ներկայիս պատմական առաջարկը, այդ թվում՝ 6-ի պլատֆորմը։ Արդեն բոլորը պետք է իմանան, որ դառնության ու ատելության վրա չի կարելի ապագա կառուցել։ Հայաստանը պետք է թողնի թշնամանքը և նայի ապագային»։ Դիվանագիտականից թարգմանաբար սա նշանակում է. «Ցեղասպանություն, Արցախ, ինքնություն, կոտորած, բան, ամեն ինչ մոռացե՛ք, դարձե՛ք մեզանից կախված երկիր 6-ի պլատֆորմում ու մենք կասենք՝ հետո ինչ անել»։
Սա է խաղաղության թուրքական տարբերակը»,-գրել է թուրքագետը։

  • Կիսվել: