երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ի  տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն  «անտեսում է պաղեստինցիների կամքը»։ 

Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «Մենք կողմ ենք պաղեստինյան ժողովրդի և վարչակազմի՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի  և ԱՄԷ-ի համատեղ հայտարարությանն առնչվող կոշտ պատասխանին: Չափազանց մտահոգիչ է այն, որ ԱՄԷ-ն փորձում է խափանել 2002 թվականին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Արաբական պետությունների լիգայի կողմից մշակված պլանը, որն աջակցություն էր ստացել Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից։ ԱՄԷ-ն այդ պլանից փորձում է հրաժարվել միակողմանի շահի համար»։

Թուրքիայի ԱԳՆ-ի պնդմամբ՝ ԱՄԷ-ի ղեկավարությունը «իրավունք չունի» բանակցություններ վարել Իսրայելի հետ Պաղեստինի անունից և «զիջումների գնալ» դրա համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ` առանց Պաղեստինի ժողովրդի և դրա վարչակազմի համաձայնության: 

«Թե պատմությունը, և թե տարածաշրջանի ժողովուրդները չեն մոռանալու և երբեք չեն ներելու ԱՄԷ-ի կեղծավոր պահվածքը, որ դավաճանել է պաղեստինցիներին»,- նշված է հայտարարությունում։ 

Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ Բեն Զայիդը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել են երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու մասին:

Այս պայմանագիրը 1979 և 1994 թթ․ Եգիպտոսի և Հորդանանի հետ նմանատիպ համաձայնագրերից հետո 3-րդն է։ ԱՄԷ-ի իշխանություններն Իսրայելի հետ պայմանագիրը «պատմական դիվանագիտական ​​նվաճում» են անվանել` հավաստիացնելով, որ հրեական պետության հետ հարաբերությունների նորմալացումը նրանց թույլ կտա ապահովել տարածաշրջանի անվտանգությունը:

  • Կիսվել: