շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Հաքերները Պենտագոնի համակարգի միջոցով հասանելիություն են ստացել ԱՄՆ-ի միլիոնավոր զինծառայողների տվյալներին․ CNN

Հաքերները Պենտագոնի համակարգի միջոցով հասանելիություն են ստացել ԱՄՆ-ի միլիոնավոր զինծառայողների տվյալներին․ CNN

ԱՄՆ Պաշտպանության նախարարության կադրային համակարգից տվյալների արտահոսքը կարող է առնչվել միլիոնավոր գործող և նախկին զինծառայողների։ Խոցելի սերվերին ապօրինի հասանելիությունը պահպանվել է առնվազն անցյալ տարվա հոկտեմբերից, սակայն Պենտագոնը խնդիրը նկատել է միայն ինն ամիս անց՝ հուլիսին․ հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տուժածներին հղված նամակը։

Խոսքը Defence Manpower Data Center (DMDC) համակարգի մասին է, որտեղ պահվում են զինծառայողների, վետերանների և նրանց ընտանիքի անդամների անձնական տվյալները։ Կենտրոնի փոխանցմամբ՝ 2024 ֆինանսական տարում իրենց բազաներում առնվազն 60 միլիոն գրանցում է եղել։

Արտահոսքից տուժածների հստակ թիվն առայժմ անհայտ է։ Military Times-ի փոխանցմամբ՝ խոսքը կարող է վերաբերել ԱՄՆ ռազմական գերատեսչության շուրջ չորս միլիոն աշխատակցի։

DMDC-ի նամակում նշվում է, որ «անօրինական օգտատերերը» մուտք են գործել կենտրոնի խոցելի սերվերներից մեկը։ Որոշ դեպքերում հասանելի են դարձել զինծառայողների վերաբերյալ տեղեկություններն ու նրանց ռազմահաշվառման մասնագիտությունները։ Միևնույն ժամանակ, Պենտագոնից հայտնել են, որ գողացված տվյալների օգտագործման հետքեր դեռևս չեն հայտնաբերվել։

Այդուհանդերձ, կիբեռանվտանգության մասնագետները ահազանգում են հնարավոր ռիսկերի մասին։ Նրանց գնահատմամբ՝ Պենտագոնի բազայից արտահոսած տեղեկությունները կարող են հետաքրքրել օտարերկրյա հետախուզական ծառայություններին ու հանցավոր խմբավորումներին, հատկապես եթե դրանք համադրվեն այլ բազաների հետ։

Կիբեռանվտանգության փորձագետ Ջաստին Շերմանը CNN-ի հետ զրույցում նշել է, որ այս տվյալները կոմերցիոն աղբյուրների հետ համադրելու դեպքում հնարավոր է պատկերացում կազմել զինծառայողների եկամուտների, պարտքերի, ընտանեկան կարգավիճակի, ծախսերի և այլ անձնական տվյալների մասին։ Հետագայում դրանք կարող են օգտագործվել թիրախային ֆիշինգի, պրոֆիլավորման կամ օտարերկրյա հետախուզության կողմից հավաքագրման փորձերի համար։

DMDC-ի նամակի համաձայն՝ առանձնակի մտահոգության առիթ է այն, որ գողացված տվյալները ծածկագրված չեն եղել, ինչը զգայուն տեղեկատվության պաշտպանության տարրական նորմ է համարվում։

Թե ով է կանգնած հարձակման ետևում, դեռևս պարզ չէ։ Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել CNN-ի՝ հնարավոր չարագործների մասին հարցերին։

Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան հրամանատարության՝ զինծառայողների նկատմամբ լրտեսության և տվյալների հավաքագրման սպառնալիքների շուրջ մտահոգությունների ֆոնին։ Ավելի վաղ ԱՄՆ զինվորական ղեկավարությունը զգուշացրել էր, որ հակառակորդները կոմերցիոն տեղորոշման տվյալներն օգտագործում են ամերիկացի զինվորականներին հետևելու համար։

Պենտագոնը տուժածներին առաջարկել է վարկային պատմության մոնիթորինգի մեկամյա անվճար ծառայություն և հայտարարել, որ քայլեր է ձեռնարկում DMDC համակարգի կիբեռպաշտպանությունը գնահատելու և ուժեղացնելու ուղղությամբ։

  • Կիսվել: