Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը։ Այս մասին տեղեկանում ենք «եռագույնների» մամուլի ծառայության՝ սոցիալական ցանցերում տարածած պաշտոնական հաղորդագրությունից։
«Կիլիան Մբապեն ծնկի վնասվածք է ստացել այն հարվածի ժամանակ, որն ավարտվեց հաղթական գոլով։ Խաղացողի մոտ ախտորոշվել է ջլի վնասվածք, ինչի պատճառով նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը։ Շուտափույթ ապաքինում, Կիլիա՛ն»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը վնասվածքն ստացել էր Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Թուրքիայի դեմ ուրբաթ` սեպտեմբերի 25-ին կայացած խաղում (1-0): 27-ամյա հարձակվողը 54-րդ րոպեին դարձել էր հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը, սակայն ծնկի հետ կապված խնդիրների պատճառով չէր կարողացել շարունակել հանդիպումն ու արդեն 59-րդ րոպեին փոխարինվել էր։
Սպասվում է, որ մոտ ժամանակներս Մբապեն կվերադառնա Մադրիդ, որտեղ կենթարկվի լրացուցիչ բժշկական հետազոտության՝ ապաքինման ստույգ ժամկետները պարզելու նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «եռագույնների» ճամբարը ծնկի կապանի վնասվածքի պատճառով լքել էր նաև Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն։



