հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիան Ռուսաստանի և Արևմուտքի միջև դեռ մանևրելու ռեսուրս ունի․ թուրքագետը՝ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների մասին

Թուրքիան Ռուսաստանի և Արևմուտքի միջև դեռ մանևրելու ռեսուրս ունի․ թուրքագետը՝ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների մասին

Այս պահին ականատես ենք լինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման վերջին տարիների դիվանագիտական ընդգծված վարքագծին, որի համաձայն՝ Թուրքիան կամ մոտենում է Ռուսաստանին կամ քիչ ավելի մերձենում է Արևմուտքի հետ։  Ընդ որում՝ սա նաև բնորոշ է Թուրքիայի վերջին շրջանի ընդգրկուն արտաքին քաղաքականությանը։ Դա արվում է այն նկատառությամբ, որ Անկարան ստանա այն դիվիդենտները, որոնց ձգտում է տևական ժամանակ։

«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց, թուրքագետ-ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի և Արևմուտքի միջև հարաբերություններում գրանցված տեղաշարժերին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հաստատել Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին, իսկ թուրքական լրատվամիջոցները նշել են, որ Թուրքիայի կառավարությունը այդ քայլից հետո Արևմուտքից լիակատար աջակցություն է ստացել պատժամիջոցների վերացման և վիզային ռեժիմի ազատականացման հարցում:

 

«Թուրքիայի համար չափազանց կարևոր է նաև ամերիկյան F-16 մոդեռնիզացված ինքնաթիռների մատակարարումը։ Այդ հարցը երկու օր առաջ վերստին բարձարացվել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ Էրդողանի նախաձեռնությամբ կազմակերպված հեռախոսազրույցի ժամանակ, և, հավանաբար, թուրք առաջնորդը ստացել է որոշակի խոստումներ։  Թուրքիայի համար անշուշտ կարևոր է նաև Արևմուտքի ֆինանսատնտեսական աջակցությունը, առավելևս, որ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայի տնտեսությունը և հատկապես ֆինանսական համակարգը շատ ծանր վիճակում է»,- ասաց Սաֆրաստյանը։

  • Կիսվել: