երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքական գազ. Իրականությու՞ն, թե՞…

Թուրքական գազ. Իրականությու՞ն, թե՞…

Սեւ ծովում առնվազն 320 միլիարդ խոնարադ մետր պաշարներով գազի հանքավայր հայտնաբերելու մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը նույնիսկ Ադրբեջանում են կասկածում:

Ճիշտ է, ձեւակերպումը բավական մեղմ է. իբր՝ մի բան է որոշակի քանակի գազի պաշարի հայտնաբերումը, բոլորովին այլ՝ արդյունահանումը, որովհետեւ լինում է նաեւ չարդյունահանվող գազ: Ադրբեջանական կողմի վերապահումը հասկանալի է, Թուրքիայում գազի ներքին սպառման պաշարների մի զգալի մասն ադրբեջանական է, բայց ներկայումս ստեղծված իրավիճակն ավելի խորքային է:

Մեկ տարի առաջ բնական գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին հայտարարել էր Իսրայելը, որ նույնիսկ անոնսավորել էր Միջերկրականով դեպի Եվրոպա գազամուղ կառուցելու ծրագիր, որին կարող է միանալ նաեւ Կիպրոսը: Վերջին տարիների թուրքական քաղաքականության նպատակներից մեկն էլ Եվրոպայի գազամատակարարման «հաբ» ստեղծելն էր: Թուրքիան պետք է դառնար ադրբեջանական (հեռանկարում՝ նաեւ թուրքմենական) եւ ռուսական գազի Եվրոպա տարանցման հանգույց: Դա թույլ կտար Եվրամիության հետ հարաբերություններում ավելի ամուր դիրք ունենալ:

Միջերկրական ծովի իսրայելական եւ կիպրական տարածքային ջրերում գազի հանքավայրի շահագործումը, դեպի Եվրոպա գազատարի անցկացումը խառնում են Թուրքիայի աշխարհաքաղաքական հաշվարկները, նրան սահմանափակում իր ներկայիս տարածքում: Էրդողանի կառավարությունը հասկանում է, որ խոսքը կենաց-մահու պայքարի մասին է եւ մտադիր չէ քայլ անգամ նահանջել:

Որքան էլ զարմանալի, բայց առայժմ Միացյալ Նահանգներից որեւէ պաշտոնական արձագանք չի հնչել: Իսկ Հունաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները մոտեցել են կրիտիկական սահմանի: «Եվրամիությունը միանշանակ պետք է սատարի Հունաստանին», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերկելը: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ավելի կոշտ դիրքորոշում ունի: Անցած շաբաթ հունական Կրետե կղզու շրջանում զորավարժություններին մասնակցել են ֆրանսիական եւ իսրայելական օդուժի ինքնաթիռները: Եգիպտոսը նույնպես հակաթուրքական կոալիցիայի մաս կազմելու դիրքորոշում է արտահայտել: Եվրամիությունը Թուրքիայից կախում ունենալու հեռանկարը բացառում է: Միացյալ Նահանգները, որ Կասպից ծովի էներգակիրները թուրքական «հաբով» Եվրոպա տարանցելու նախագծի հովանավորն է, հավանաբար Իսրայելին հակադրվելուց ձեռնպահ է մնում:

Եթե Իսրայելը եւ Կիպրոսը Միջերկրական ծովի էներգակիրների շահագործման եւ տարանցման հարցում գործնական համաձայնության գան, Թուրքիան դուրս կմնա աշխարհաքաղաքական մեծ խաղից, նրա հետ եւ՝ Ադրբեջանը: Թերեւս այդ պատճառով է Էրդողանն շտապել հայտարարել Սեւ ծովում գազի ահռելի պաշարներով հանքավայր հայտնաբերելու մասին: Թուրքիայի համար դա, թերեւս, աշխարհաքաղաքական հաշվարկներից դուրս չմնալու վերջին «հաղթաթուղթն է»: Բայց, երեւում է, ոչ ոք դրա իսկությանը չի հավատում, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

  • Կիսվել: