«Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վրա. Կոպիրկին
Ռուսաստանն ուշադիր հետևում է Վաշինգտոնում հայտարարված «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» հայ-ամերիկյան նախագծի շուրջ զարգացումներին: Այս մասին «Նոև Կովչեգ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ այժմ մենք լսել ենք միայն այս վեհաշուք անունը։ Դրա իրականացման գործնական աշխատանքները, որքանով մենք գիտենք, դեռ չեն սկսվել։ Մեր դիրքորոշումը կձևակերպվի, երբ այս նախաձեռնությունը կոնկրետ ձևակերպում ստանա։ Ավելին, «Թրամփի երթուղին» կարող է ազդել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վրա, քանի որ հանրապետության տարածքով ապրանքների անցումը կարգավորվում է, ի թիվս այլնի, Եվրասիական միության օրենքներով։ Մենք պատրաստ ենք մեր հայ գործընկերների հետ այս հարցի շուրջ առարկայական խորհրդակցությունների»։
Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, «հատկապես այն պատճառով, որ այս ոլորտում առաջընթացը սկզբնապես հիմնված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերի մի շարքի վրա»։
«Մենք կարծում ենք, որ համապատասխան գործընթացները պետք է հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների և նրանց հարևանների շահերը»,-նշել է դեսպանը:


