շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Տպավորված ենք Հայաստանի ձեռքբերումներով՝ մասնավորապես թվայնացման և մի շարք այլ կարևոր ոլորտներում. Չեխիայի փոխվարչապետ

Տպավորված ենք Հայաստանի ձեռքբերումներով՝ մասնավորապես թվայնացման և մի շարք այլ կարևոր ոլորտներում. Չեխիայի փոխվարչապետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։

«Շնորհակալություն միջոցառման մասնակցության համար, որի խորագիրը՝ սոցիալական արդարությունն, շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն այս թեմայի շուրջ քննարկումներում։ Նաև ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ուշադրությունն այս հարցին ևս մեծ նշանակություն ունի։

Ձեր այցը հատկապես կարևորում եմ՝ հաշվի առնելով հայ-չեխական հարաբերությունների ակտիվ զարգացումը վերջին շրջանում։ Վստահ եմ, որ այս այցը ևս կնպաստի մեր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը և այդ դրական դինամիկայի շարունակությանը»,- նշել է նախագահը։

Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար. «Շնորհակալություն, որ այսօր հյուրընկալում եք ինձ, մեր դեսպանին և իմ թիմին։ Սա իմ առաջին այցն է Երևան, Հայաստան, և կատարում եմ այն մեծ գոհունակությամբ։ Ձեր երկիրը հրաշալի է։ Անկեղծորեն տպավորված ենք Հայաստանի ձեռքբերումներով, մասնավորապես՝ թվայնացման և մի շարք այլ կարևոր ոլորտներում»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա համագործակցության հեռանկարները՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների, թվայնացման և հարակից ոլորտներում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները և անվտանգային իրադրությունը։ Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի՝ հասնելու երկարաժամկետ, կայուն և արդար խաղաղության, պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։

Երկուստեք բարձր են գնահատվել վերջին տարիներին Հայաստանի իրականացրած ժողովրդավարական բարեփոխումները։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է դատական համակարգի բարելավման, պետական ինստիտուտների կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ ընդգծելով բարեփոխումների շարունակականության կարևորությունը։ Հայաստան-Չեխիա գործընկերության համատեքստում կարևորվել է նաև այդ ոլորտներում փորձի փոխանակումը և համագործակցության խորացումը։

  • Կիսվել: