չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Թող ԱԺ անվտանգության աշխատողները դուրս գան, տեղը ծառեր տնկենք, անվտանգ կլինի. Գառնիկ Դանիելյան

Թող ԱԺ անվտանգության աշխատողները դուրս գան, տեղը ծառեր տնկենք, անվտանգ կլինի. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կիրանցից հասել է ԱԺ։ Ասաց, որ մտադիր չի եղել մասնակցել այսօրվա նիստին, սակայն կիրանցեցիներն են նրան խնդրել գնալ ու խոսել իրենց անունից։

«Սա միակողմանի զիջում է. Ադրբեջանը պահանջել է, ՀՀ–ն կատարում է այդ պահանջները։ Սա ոչ թե ինչ–որ տարածքի, մի բլրի, մի առվակի, այլ շատ կոնկրետ մարդկանց, կոնկրետ ճակատագրերի խնդիր է»,– ասաց նա` ընդգծելով, որ Կիրանցի բնակիչներն են իրեն պատվիրակել գալ ԱԺ։
 
Պատգամավորը ցույց տվեց իր հետ բերած քարտեզը և նշեց, որ այն պատմական Կիրանցի տարածքն է, որի վրա կարմիր գծով պատկերել է այն հատվածը, որը գյուղը բաժանելու է երկու մասի` հայկականի և ադրբեջանականի։
 
«Ինձ մոտ կա առնվազը 50 և ավելի վկայականներ` իրական մարդկանց ճակատագրեր, որոնք իրենց պապից ժառանգած տունը կորցնելու են, քանի որ իշխանությունը հայտարարում է, որ կադաստրի թղթերով այն հայկական հող չէ։ Հիմա, որ կիրանցեցիներն ասեն` պապից են ժառանգել տունը, իշխանությունը երևի կասի` գնացեք պապին գտեք։ Պապին գտնեն, կասեն` կեղծ է, հլը ապուպապին գտեք»,– հայտարարեց նա։
 
Դանիելյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Տավուշի վիճելի հատվածում անվտանգությունն ապահովելու համար կարելի է ծառեր տնկել։

«Որ այդպես է, եկեք, օրինակ, ԱԺ անվտանգության աշխատակիցներին հանենք, փոխարենը ծառեր տնկենք։ Լավ, աբսուրդին էլ չափ ու սահման կա»,– նշեց նա։

 

  • Կիսվել: