Տնտեսության կառուցվածքային վերափոխում. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տնտեսագետ Կարեն Ադոնցն առաջարկում է Հայաստանում գործող, սպառողական ապրանքներ արտադրող ընկերությունների ապրանքացանկի (նաեւ համալրելով դրանք) հենքի վրա գործարկել 3 ֆինանսաարդյունաբերական խմբեր (ՖԱԽ), արտաքին շուկաների՝ արեւմտյան, արեւելյան եւ հյուսիսային ուղղություններով՝ բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակով, բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման առանձնահատուկ եղանակով։ Յուրաքանչյուր ՖԱԽ-ում համախմբվելու են մոտ 30-50 արագ սպառման արտադրանք արտադրող ձեռնարկություններ՝ մոտ 500 անուն տարբեր ոլորտների ապրանքացանկով, ինչպես նաեւ՝ 1 ընկերություն ՏՏ ոլորտի, 1 բեռնափոխադրող ընկերություն, 1 բանկ, 1 շինարարական ընկերություն։ Երեք ՖԱԽ-երի սպասվող համախառն շրջանառությունը ծրագրի 5-րդ տարում պետք է կազմի առնվազն 5 մլրդ դոլար:
ՖԱԽ-երի մաքուր շահույթը ամբողջությամբ ուղղվելու է ներդրումների՝ երեք հիմնական ուղղություններով. 1. արտադրվող սպառողական տեսականին նոր արտադրատեսակներով համալրմանը, 2. նոր ձեւավորված պահանջարկային դաշտի հենքի վրա հումքատեսակների եւ մեքենասարքավորումների արտադրությունների կազմակերպմանը, 3. հատուկ ծրագրերի գործարկմանը…»: