երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Տեսա՞ք՝ 2021 թվականին ով սկեց ու ով ում սկցրեց. Ալեն Սիմոնյան

Տեսա՞ք՝ 2021 թվականին ով սկեց ու ով ում սկցրեց. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հիշեց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչեր էին ասում իրենց՝ «էլ սկող, էլ պարտված, էլ դավաճան, էլ հողատու»։

«Տեսա՞ք՝ 2021 թվականին ով սկեց ու ով ում սկցրեց, ով մինչև քոքը մաշվեց ու ով ում քոքը մաշացրեց, տեսա՞ք»,- այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը շատ ուրախ է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել։

«Որ իմանայի դատի է տալու, պատրաստ էի պետական տուրքը վճարել։ Հիմա դիմել է, 9 միլիոն դրամ փող է ուզում ինձնից, վստահ եմ՝ 200 միլիոնի դիմաց 9 միլիոնը բան չի փոխի, բայց չեմ կարծում, որ ինքը հաղթելու է այդ դատը։ Ինչ, ե՞ս պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվե՞լ եմ։ Այսինքն, էն բանը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարդասպան լինելու մեջ՝ «Մարտի 1»-ի, «Հոկտեմբերի 27»-ի, Պողոս Պողոսյանի, դրանք ե՞ս պետք է ապացուցեմ։ Կարծում եմ՝ ինքը պետք է գա, ապացուցի, որ ինքը մարդասպան չէ, թալանչի չէ»,- ասել է Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հայցեր է ներկայացրել դատարան։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն հերքում հրապարակել ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ավելին՝ պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ զրպարտության և 3 միլիոն դրամ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հունիսի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանին անվանել էր «մարդասպան», «թալանչի», «կոռումպացված անձնավորություն», որը Հայաստանի Հանրապետություն «խոպան էր եկել իրա թայֆայով»։

  • Կիսվել: