կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան

Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան

Հայաստան գոյության նպատակը ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության եւ բարեկեցությն ապահովումն է: Այս մասին այսօր  մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա սլայդներով սկսեց ցույց տալ, թե որն է Հայաստանի ներքին ու արտաքին ռազմավարությունը, տեսլականը:

«Հայաստանի իրավակարգը ժողովրդական համաձայնեցում անցած  իրավունքի վրա հիմնված արդարությունն է: Հայաստանում միշտ եղել է արդարության կարիքը, բայց շատ կարեւոր է, որ ՀՀ ժողովուրդն ինքը լինի արդարության ստանդարտի հեղինակը, ստեղծողը, աղբյուրը:

Հայաստանի տնտեսական կարգը աշխատանքի եւ գործարար ազատության վրա հիմնված սոցիալական արդարությունն է: Աշխատանքի վրա պետք է հիմնված լինի սոցիալական արդարությունը: Ով կարող է իր աշխատանքով դառնալ մեծահարուստ, պետք է դառնա մեծահարուստ: Սոցիալական աջակցության միջոցով չի կարելի բարեկեցիկ ապրել:

Մեր տարածաշրջանային միջավայրը հետեւյալն է. Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիության խորացում եւ զարգացում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում,  տնտեսական կապերի հաստատում,  խորացում, զարգացում:

Անվտանգության պահովումը մենք պատկերացնում ենք արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի ներդրում: Այս ամենը պետք է հիմնված լինի լեգիտիմության վրա:

Տնտեսական զարգացումով է, որ հնարավոր է բոլոր այս թեզերի իրականացումը: Այստեղ մենք երկրորդական չենք համարում սոցիալական զարգացումը, մարդկանց հնարավորությունների զարգացումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այս ամենի համար անհրաժեշտ է խաղաղություն:

«Միայն խաղաղությունն  է, որ կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը: Մենք խաղաղության օրակարգը որդեգրել ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման միջոց եւ իրագործում ենք որպես անվտանգության երաշխավորման համակարգ: Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են: Ամեն ինչ անելու ենք այդ սյուները ավելացնելու ուղղությամբ»,- ընդգծեց Փաշինյանը:

  • Կիսվել: