երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տավուշի մարզում սահմանազատում իրականացնելու համար որևիցե քարտեզի շուրջ համաձայնություն չկա․ Սեյրան Օհանյան

Տավուշի մարզում սահմանազատում իրականացնելու համար որևիցե քարտեզի շուրջ համաձայնություն չկա․ Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց իր կարծիքը, թե ինչ սկզբունքով և հաջորդականությամբ պետք է իրականացվի սահմանագծման և սահմանազատման գործընթացն Ադրբեջանի հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Օհանյանը սահմանագծման և սահմանազատման գործընթացի հաջորդականության երեք կետ առանձնացրեց։

«Առաջինը՝ երկու թշնամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ դառնում են հարևան պետություններ՝ պատրաստակամություն հայտնելով խաղաղ համակեցությամբ ապրելու։ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, նրա վերջին տարիների գործողությունները, նրանց նախագահ Ալիևի խոսքը Հայաստանի զավթած տարածքների վերաբերյալ չի խոսում նրա մասին, որ Ադրբեջանը ուզում է Հայաստանի հետ խաղաղ համակեցությամբ ապրել։

Դրանից բացի, կողմերը գալիս են համաձայնության և ստորագրվում է համաձայնագիր։ Այնուհետև իրականացվում է սահմանազատում, այն իրականացվում է համապատասխան քարտեզների միջոցով։ Մենք Ադրբեջանի հետ ունենք շուրջ 1000 կմ սահման, ի՞նչպես է ստացվել, որ հենց Տավուշի հատվածից են սկսում։ Սա մի քանի մեկնաբանություն կարող է ունենալ։ Տեսնելով, որ միջանցքի հարցում իրենք կարող են հաջողություն չունենալ՝ հաջորդ կետը, որ նրանք կարող են անել, Հայաստանի Հանրապետության շուրջ օղակը սեղմելն է, ռազմավարական կարևորագույն միջպետական ճանապարհներին տիրապետելը»,- հայտարարեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման համար որևիցե քարտեզի շուրջ համաձայնություն չկա։

«Եթե քարտեզների շուրջ համաձայնության են գալիս, դրանից հետո տարիների աշխատանք է սպասվում։ Ամբողջ մասշտաբով, ամբողջ 1000 կիլոմետրի համար կողմերը գալիս են համաձայնության, դրանից հետո իրականացվում է սահմանագծում։ Այսինքն՝ տեղում գծվում է սահմանը և սկսվում է կահավորումը։ Այս ամենը չի իրականացվել»,- ասաց Օհանյանը։

  • Կիսվել: