կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ

Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։
 
Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար գրված հոդվածում կոչ էր արել Հայաստանին ճանաչել Սոմալիլենդը։ Նրա կարծիքով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Սոմալիլենդը բախվում են Թուրքիայի թշնամական գործողություններին, որն աջակցում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և խաթարում է Սոմալիլենդի ինքնիշխանությունը։
 
Ռուբինը հայտարարել էր, որ ճանաչումը իբր թե շփման եզրեր կստեղծի Իսրայելի հետ, որը ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը, և կարող է իսրայելցի ստրատեգներին դրդել վերանայել Ադրբեջանի հետ դաշինքը։
 
«ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Սոմալիլենդի ճանաչման հարց չկա»,–ասվում է ԱԳՆ պատասխանում։
Նշենք, որ Սոմալիլենդը համարվում է ինքնավար տարածաշրջան Սոմալիի Դաշնային Հանրապետության կազմում։ 1991 թվականից տարածաշրջանը գործում է կենտրոնական իշխանություններից անկախ, ունի սեփական Սահմանադրությունը, նախագահը, կառավարությունը և խորհրդարանը։ Բացի այդ, Սոմալիլենդն ունի սեփական զինված ուժերը, ոստիկանությունը և անվտանգության մարմինները։
 
Հաշվի առնելով, որ երկրի հարավային և կենտրոնական շրջանները երկար տարիներ գտնվում են շարունակական ճգնաժամի մեջ են (մի մասը գտնվում է «Ալ-Շաբաբ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման զինյալների վերահսկողության տակ), Սոմալիլենդում իրավիճակը բավականին կայուն է։
 
Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանը ոչ ստանդարտ քայլեր է ձեռնարկել նմանատիպ վիճելի հարցերի վերաբերյալ։
 
Մասնավորապես, 2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց Պաղեստինի պետականության ճանաչման մասին, իսկ ավելի ուշ հայտարարեց Կոսովոյի քաղաքացիների անձնագրերի ճանաչման մասին՝ հստակեցնելով, որ դա չի նշանակում դրա անկախության ճանաչում։

  • Կիսվել: