ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Սկզբունքները պայմանավորված են, մնում է՝ դրանց հիման վրա ստորագրվի խաղաղության պայմանագիր. Փաշինյան

Սկզբունքները պայմանավորված են, մնում է՝ դրանց հիման վրա ստորագրվի խաղաղության պայմանագիր. Փաշինյան

Ես կառանձնացնեի ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների ու ավելի քան 100 հազար նոր փախաստականների հարցը ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես չէի ասի, որ այդ երկուսի միջեւ փոխկապակցվածություններ չկան, բայց, այնուամենայիվ, դրանք առանձին հարցեր են: Իհարկե, մենք հույս ունենք, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, 2023-ի մայիսի 14-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ, եւ 2023-ի հուլիսի 15-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ,  կձեւակերպվեն, կվերահստատվեն եւ կդառնան խաղաղության պայմանագրի հիմքը:

Այդ պայմանավորվածություններից առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս դրույթը տեղ է գտել Պրահայի հանդիպմանը եւ արդեն 2023-ի մայիսի 14-ին Բրյուսելում եւս մեկ առաջ քայլ է արվել, եւ արձանագրվել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քկմ տրածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86 600 քկմ տարածքային ամբողջականությունը:

Երկրորդ սկզբունքն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Դա նշանակում է, որ այդ ժամանակվա պետական քարտեզները պետք է վերցվեն եւ, ըստ էության, պետք է սահմանների դելիմիտացիայի հիմք դառնան:

Երրորդ սկզբունքն այն է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի ճանապարհների, երկաթուղիների բացումը միմյանց եւ միջազգային առեւտրի համար պետք է տեղի ունենա երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա:

Այս սկզբունքները պայմանավորված են, մնում է, որ այդ սկզբունքների հիման վրա ստորագրվի խաղաղության պայմանագիրը, եւ գնանք առաջ»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ կա պայմանավորվածություն, որ Բրյուսելում հոկտեմբերի վերջին տեղի ունենա եռակողմ հանդիպում:

«Հույս ունեմ, որ այդ հանդիպման ընթացքում այդ պայմանավորվածությունները կվերահաստատվեն, ինչը կնշանակի խաղաղության պայմանագրի պայմանավորվածությունների մոտ 70 տոկոսը ձեռքբերված է: Կմնա այդ սկզբունքները դնել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ»,-ասաց Փաշինյանը:

Հավելենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված՝ Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումը չի կայանալու՝ ժամանակի սղության պատճռով:

  • Կիսվել: