չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սին է, թե Փաշինյանին չեզոքացնելով կկասեցնեն հեղափոխության ընթացքը. Արման Բաբաջանյան

Սին է, թե Փաշինյանին չեզոքացնելով կկասեցնեն հեղափոխության ընթացքը. Արման Բաբաջանյան

Այսօր «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության առաջին համագումարն էր: Համագումարին բացման խոսքով հանդես եկավ կուսակցության հիմնադիր անդամ, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Մեր նախաձեռնությունը ծնվել է Հայաստանի համար դրամատիկ պատմական ժամանակաշրջանում։ Հեղափոխությունը ստեղծել է բոլոր հիմքերն ու նախադրյալները, որպեսզի քաղաքական կյանքում հայտնվեն նոր ուժեր նոր գաղափարներով և նոր ծրագրերով»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մինչ հեղափոխությունը Հայաստանում կուսակցական գործունեությունն անիմաստ էր, քանի որ քաղաքական կյանք չկար.

«Ժողովրդավարությամբ իրենց իշխանությունն ու ազդեցությունը կորցրած նախկին հանցագործ իշխանավորները իսկական պատերազմ են հայտարարել Հանրապետությանը, ժողովրդավարությանն ու նոր Հայաստանին»։

Նա նաև Հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին, հայտնելով՝ այդ օրը սպանվեցին ոչ միայն պետական այրերը, այլ քաղաքականությունն ընդհանրապես.

«Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ նաեւ այն պատճառով,որ երկրում իշխանության և հասարակության, իշխանության և քաղաքականության միջեւ բևեռացումն ու խզումը հասել էր անթույլատրելի մակարդակի, բացակայում էր այն պատնեշը, որ չպիտի թույլ տար Հոկտեմբերի 27-ի պետականասպանությունը։

Ներքին անվտանգային համարժեք միջավայրի բացակայության հետևանք էր նաև 2008 թվականի Մարտի 1-ը, երբ Ռոբերտ Քոչարյանն իր իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցեց 10 անմեղ զոհերի կյանքի ու արյան գնով»։

Բաբաջանյանը շեշտեց' նոր իշխանությունը չի տվել անցյալի համապարփակ իրավաքաղաքական գնահատական, ինչը պարտավոր էր և այսօր էլ պարտավոր է անել։

«Սին է, թե Փաշինյանին չեզոքացնելով կկասեցնեն հեղափոխության ընթացքը»,- նշեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ քաղաքական կյանքը դարձնելու են ավելի մրցունակ և մրցակցային։

Բաբաջանյանը հավելեց՝ տնտեսությունը նույնպես պետք է ժողովրդավարացվի։ Առաջնահերթությունների շարքում, ըստ Բաբաջանյանի, առաջին տեղում բանակն է.

«Մենք երկրի անվտանգության ապահովման բեռը պետք է թոթափենք բանակի ուսերից, բոլորս պետք է ստանձնենք անվտանգության ապահովման գործում բանակին զուգահեռ մեր անելիքը »,- ընդգծեց նա' հավելելով , որ բանակին անհրաժեշտ է համարժեք թիկունքային անվտանգություն։

  • Կիսվել: