ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը. Փաշինյան

Վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը. Փաշինյան

Ուզում եմ հաստատել այս ամբիոնից նախագահ Էրդողանի (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան-խմբ.) այն խոսքերը, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին քիչ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շարունակելով հարևանների հետ հարաբերություններին վերաբերող թեման՝ վարչապետը նշեց. ՛՛Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն բացառիկ կարևորություն՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ միևնույն ելույթի ժամանակ Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով. ՛՛Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը բերած բեկումը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության՛՛։

Նա միևնույն ժամանակ, սակայն, նշել էր նաև, որ կան հարցեր, որոնք դեռ լուծման կարիք ունեն, մասնավորապես՝ վարչապետն ասել էր.  ՛՛ՀՀ և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունի մի քանի հազար անհետ կորածի ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ Ադրբեջանի հետ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել։ ՀՀ-ում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին՛՛:

  • Կիսվել: