Շիրակամուտ համայնքում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց երկրաշարժի զոհերի հուշարձանին
1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և այլք:
Առաջին կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ համայնքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց` ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Վարչապետն այնուհետև այցելեց համայնքապետարան, հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ տեղի խնդիրներին: Բնակիչների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը կարևորեց սուբվենիցոն ծրագրերի իրականացումը:
«Մենք պետք է զարկ տանք սուբվենցիոն ծրագրերին, որոնց մասնակցում է և՛ կառավարությունը, և՛ բնակիչը, և՛ համայնքապետարանը: Սա համագործակցության կարևոր ձև է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: