կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի բանակցային տակտիկան եղել է Ադրբեջանին հույս տալը, որ ամեն ինչ կստանա բանակցային ճանապարհով. Փաշինյան

Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի բանակցային տակտիկան եղել է Ադրբեջանին հույս տալը, որ ամեն ինչ կստանա բանակցային ճանապարհով. Փաշինյան

Ընտրություններին մասնակցելով՝ էնպես չի, որ մեզ ուղղված քննադատություններն ենք արտամղում, բացարձակապես, դրանք ընդունում ենք և փորձում ենք այդ մեղադրանքների հիմնավորումը լսել: Այս մասին այսօր Նուբարաշեն վարչական շրջանի ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպմանը նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այդ մեղադրանքների հիմնավորումները և մենք, ինքներս մեզ, մեր գործողությունների տրամաբանությունը վերլուծելով և հանրության արձագանքը լսելով, եկել ենք եզրակացության, որ մենք Հայաստանի Հանրապետությունում պետք է հավակնենք իշխանության: Ինչո՞ւ, որովհետև վերջին 3 տարվա ընթացքում մենք արել ենք ահռելի փոփոխություններ Հայաստանում, ընդհուպ՝ զինված ուժերում մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը մենք արել ենք այնպիսի ծավալների փոփոխություններ, որ եթե դրանց տեմպի 1/3-ը գոյություն ունենար նախորդ 30 տարվա ընթացքում, մենք 2020-ին կունենայինք բոլորովին ուրիշ վիճակ: Մեր պրոբլեմները 2020-ին հասել են կուլմինացիայի: Դրանք կուլմինացիայի են հասել ոչ թե այն պատճառով, որ մենք ենք իշխանության, այլ պարզապես մեր իշխանության տարիների հետ են համընկել: Նույնը՝ Ղարաբաղի հարցում:

2018-ի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը երկու արձանագրում է արել, որ բանակցությունները կանգնած են, և լավատեսության հիմք չեն տալիս, և երկրորդը՝ ասել է, որ այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ուխտադրուժ ձևով չի փորձելու պատերազմով լուծել Ղարաբաղի հարցը: Այսինքն՝ 2018-ի դրությամբ Ղարաբաղի հարցում ունեցել ենք այս վիճակը: Մենք ի՞նչ ենք արել. բոլոր հնարավոր ձևերով փորձել ենք ձախողված բանակցային գործընթացը ինչ-որ կերպ վերակենդանացնել՝ առաջարկելով կառուցողական բանաձևեր: Երկրորդը՝ արել ենք առավելագույնը, որ Հայաստանը մաքսիմալ պատրաստվի պատերազմի: Բայց ստացվում է, որ 2020-ի սեպտեմբերի պատերազմին Ադրբեջանը պատրաստվում էր 16 տարի, իսկ Հայաստանը՝ 2»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրենց մեղադրում են Ղարաբաղի հարցում Ադրբեջանին հույս չտալու մեջ, որ էն, ինչ որ իրենք ուզում են ստանալ, կստանան բանակցությունների միջոցով: Իսկ հարց՝ բանակցությունների ողջ գործընթացի ընթացքում Ադրբեջանը հույս տվե՞լ է մեզ, որ Ղարաբաղի հարցը լուծվելու է  այնպես, ոնց պատկերացնում է հայ ժողովուրդը:

«Ադրբեջանը շարունակաբար ասել է, որ Ղարաբաղը համարում է իր տարածքը, որ յոթ շրջանները պետք է վերադարձվեն իրեն, եթե չվերադարձվեն, ինքը ռազմական ճանապարհով կլուծի հարցը: Հայկական կողմի մի ժամանակ բանակցողը ասում է, որ պետք էր ադրբեջանական կողմին հույս տալ, որ էն, ինչ ինքն ուզում է ստանալ, կստանա բանակցությունների միջոցով: Հիմա եղավ, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բանակցային տակտիկան եղել է հետևյալը՝ Ադրբեջանին տալ հույս, որ էս ամեն ինչը կստանա բանակցային ճանապարհի միջոցով:

Ասեմ ձեզ՝ հասել են այդ նպատակին, որովհետև 2018-ի բանակցային իրավիճակում, նույնիսկ այն, ինչ Սերժ Սարգսյանը համարում է ընդունելի, դա, ըստ էության, Ադրբեջանի հույսերի արդարացումն է, որ բանակցային ճանապարհով նա կստանա՝ ա) յոթ շրջանները, բ) Ղարաբաղը: Հիմա հարց. թող ասեն՝ իրենց ինչո՞վ է հույս տրվել, մենակ մի բանի հույս, որ քննարկվել է, որ Մեղրին փոխանակենք Ղարաբաղի հետ: Այսինքն՝ դա՞ է հույսը: Կարծում եմ՝ այդ մարդիկ իրենց հայտարարությունների համար պետք է պատասխան տան: Այդ հույսերն արդեն ոչ միայն Ադրբեջանի ակնկալիքն են դարձել Հայաստանից, այլև միջազգային հանրության և միջնորդների: Էս իրավիճակում ենք մենք ժառանգել Ղարաբաղի հարցը»,- նշեց Փաշինյանը:

2016-ի հունվարին, ըստ էության, պաշտոնապես Հայաստանին ներկայացվել է, որ Հայաստանը պետք է Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից հրաժարվի, Հայաստանը, բնականաբար, մերժել է, որից հետո 2016-ի ապրիլին սկսվել է Ապրիլյան պատերազմը՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը:

«Որից հետո 2016-ի ամռանն արդեն ներկայացվել են առաջարկներ, որտեղ «միջանկյալ կարգավիճակ» հասկացությունը գոյություն չունի, որից հետո  տեղի է ունեցել բանակցային գործընթաց, որի արդյունքում Հայաստանը, ըստ էության, համաձայնել է, որ նաև Քելբաջարի ու Լաչինի շրջանները պետք է հանձնի՝ առաջարկելով վերադարձնել միջանկյալ կարգավիճակի տրամաբանությունը, ինչը Ադրբեջանը մերժել է»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: