Սերժ Սարգսյանի ու Հրայր Թովմասյանի միջև գործարք է տեղի ունեցել. վարչապետ
Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահը պաշտոնավարում է 6 տարի, ՍԴ գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի՝ մինչեւ 2035 թվականը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքն իսկապես առանձին պատմություն է, որ առանձին քննության կարիք ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. Հրայր Թովմասյանը, լինելով գործող Սահմանադրության հեղինակներից մեկը կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը Սահմանադրության տեքստը գրողների խմբում, եւ պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար: Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ հետեւյալ տրամաբանությամբ. եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն այդ տեքստը նաեւ իրեն պետք է ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա, որպես ՍԴ նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:
Փաշինյանի խոսքով՝ հին ՍԴ-ի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն՝ Թովմասյանը նրանց գործող Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավելի պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ անդամների, այլ իր սեփական շահերի համար:
«Որովհետեւ իրեն պետք է եղել հին կարգով ընտրվել ՍԴ անդամ, նրան պետք է եղել ՍԴ հին անդամների պաշտոնավարումը մինչեւ 65, ոմանց դեպքում նաեւ 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետեւ ինքն ի սկզբանե նախատեսած է եղել, որ ինքը ՍԴ անդամ պետք է ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով: նա հին կարգով ՍԴ անդամ է ընտրվել 2018-ի մարտի 2-ին, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ՍԴ անդամ ընտրելու կարգը ամբողջությամբ փոխվելու է: Նրան ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու լիազորությունից: Նա ՍԴ անդամ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օրից ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկե է սահմանվելու 12 տարի»,-ասաց վարչապետը:
Վարչապետն ասաց, որ հենց այս նպատակին հասնելու համար է Հրայր Թովմասյանը հոգ տարել, որ, ի հեճուկս ՍԴ մասին բոլորովին նոր նկարագրության առկայությանը, գործող Սահմանադրության մեջ հին անդամները շարունակեն պաշտոնավարել:
Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Եթե նրանց պաշտոնավարման ժամկետը կրճատվեր, Հրայր Թովմասյանը չէր կարող 17 տարով ընտրվել ՍԴ անդամ: Նույնը վերաբերում է ՍԴ նախագահի պարագային. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018-ի մարտի 21-ին, ԱԺ-ի կողմից, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ-ն զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից:
Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ է առաջադրել ԱԺ նախագահը, չնայած գիտեր, որ տնդամենը 19 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունից:
Դրա արդյունքում Սահմանադրության մեջ նկարագրված ՍԴ ունենալու համար հայ ժողովուրդը պետք է սպասեր մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր Թովմասյանը իր կուսակցության՝ ՀՀԿ-ի օգնությամբ մինչեւ 2035 թվականը իրենով է արել ՍԴ նախագահի կարգավիճակը, չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված»: