երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի օրոք հայ ժողովուրդը հաղթել է ապրիլյան պատերազմը. Շարմազանով

Սերժ Սարգսյանի օրոք հայ ժողովուրդը հաղթել է ապրիլյան պատերազմը. Շարմազանով

Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը հաղթել են ապրիլյան պատերազմը, նա ապրիլյան պատերազմի հետ կապված և առհասարակ որևէ լուրջ խնդրի մասով որևէ թաքցնելու բան չունի:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստ է երրորդ նախագահը ներկայանալ ու պատասխանել ապրիլյան պատերազմի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին, Շարմազանովը նշեց․

«Մենք որևէ թաքցնելու բան չունենք: Մեր իշխանության օրոք հաղթել ենք ապրիլյան պատերազմում: Ավելին՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ հանձնաժողովը կփարատի հասարակության բոլոր մտահոգությունները»։

 

ԱԺ նախկին փոխնախագահի խոսքով՝ լավ կլինի, որ հրավիրեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ է Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ։

«Եթե Փաշինյանը մնացել է իր այդ կարծիքին, երբ հանդիպում է նաև ՌԴ նախագահի հետ, արդյո՞ք այդ մասին ասել է: Թե՞ իրողություն է փոխվել ու այլևս նման բան չի մտածում»,-ասաց Շարմազանովը։

  • Կիսվել: