շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմք հանդիսացած հոդվածը

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմք հանդիսացած հոդվածը

Սահմանադրական դատարանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Սահմանադրական դատարանից:

Նշենք, որ համապատասխան որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այս հոդվածին էր հղում կատարել, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն ուղարկել էր ՍԴ` դրա սահմանադրականությունը որոշելու։

Վերոհիշյալ 40-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից` առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

  • Կիսվել: